Категория: Հայերեն էջեր

ԱԶԳԱՅԻՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՂԵՌՆ

13.04.2021


Միջոցառումներ և գործողություններ որևէ ժողովրդի կամ ազգային խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով: Ըստ իրավագետ Ռ.Լեմկինի, ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի վերացումն է նրա ֆիզիկական բնաջնջման միջոցով, այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացման միջոցով: Սակայն ազգային մշակութային ցեղասպանություն հասկացությունը չի մտել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի 1948-ի կոնվենցիայի բնագրի մեջ: Ի. Չառնին (Երուսաղեմի Ողջակիզման և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն – Ս.Կ.) գտնում է, որ մայրենի լեզվով խոսելն արգելելը ևս պետք է որակել որպես ցեղասպանություն (լինգվիցիդ): Հասարակագետ  Ս. Թոտտենը(ԱՄՆ), խոսելով Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում ցեղասպանության մասին, նշում է նաև ցայսօր շարունակվող բարբարոսական վերաբերմունքը հայ մշակույթի հուշարձանների նկատմամբ: Անժխտելի փաստերը վկայում են, որ հայ բնակչության զանգվածային կոտորածների ու տեղահանության տարիներին երիտթուրքական կառավարությունը ձգտել է ոչնչացնել նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: Ջարդարարները ղեկավարվել են Թալեաթի՝ Հալեպի տեղահանության գործերով կոմիտեին ուղղած հրահանգով. «...ամեն կերպ ջանալ ոչնչացնել բուն «Հայաստան» անվանումը Թուրքիայում» (Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրութունում: Փաստաթղթերի և նյութերի ժողովածու», 1991, էջ 562): Գիտակցելով  եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում՝ նպատակամղված կոտորել են  հայ հոգևորականներին, ոչնչացրել եկեղեցիներն ու վանքերը, եկեղեցական գույքը, ձեռագիր մատյանները: Դեռևս 1912-13-ին Օսմ. Կայսրության ՆԳՆ հանձարարությամբ Կ.Պոլսի պատրիարքությունը կազմել և կառավարությանն է ներկայացրել կայսրության տարածքում գտնվող հայկական եկեղեցիների և վանքերի լրիվ ցուցակը։ Թուրքական կառավարության այդ հետաքրքրությունն առաջին աշխարհամարտի նախօրյակին որոշակի կապ ուներ հայերին կոտորելու ծրագրի հետ։ Ըստ Մ. Օրմանյանի տվյալների, Արևմտյան Հայաստանի եկեղեցիների և վանքերի թիվը 1912-ին 2200 էր (Օրմանյան Մ., Հայոց եկեղեցին, 1913,  էջ 259-269)։ Դրանց մեծ մասը թալանվել, այրվել կամ ավերվել է եղեռնի ժամանակ։

Ոչնչացումից զերծ չեն մնացել նաև հայկական ձեռագրերը։ Հայ ժողովուրդը իր բազմադարյան պատմության ընթացքում ստեղծել է պատմության, գրականության, արվեստի, բնական գիտությունների վերաբերյալ տասնյակ հազարավոր ձեռագիր մատյաններ, հոգևոր և աշխարհիկ բնութի երկեր։ Այդ ձեռագրերը ժամանակ առ ժամանակ ոչնչացրել են տարբեր նվաճողներ, սակայն XIX դ. վերջին և  XX դ. սկզբին դրանց ոչնչացումը կատարվել է մտածված և ծրագրված. Ցեղասպանության միջոցով հայ ժողովրդին կոտորելուն զուգընթաց պետք էր ոնչացնել նաև նրա ստեղծած հոգևոր արժեքները։ 1894-96-ին և 1915-23-ին ավերելով հայկական սրբավայրերն ու բնակավայրերը՝ թուրքերն ու քրդերը ոչնչացրել ու հրկիզել են այդտեղ պահվող հազարավոր ձեռագրեր ու գրքեր։ Թեև ոչնչացված ձեռագիր մատյանների թվի մասին կան որոշ տվյալներ (Վասպուրականում՝ շուրջ 3000, Տարոնում՝ շուրջ 2000, Կեսարիայում և շրջակայքում՝ 700, Անկարայում և շրջակայքում՝ ավելի քան 300, Արմաշում՝ շուրջ 250, Սեբաստիայում և շրջակայքում՝ շուրջ 170 ևն), այնուամենայնիվ եղեռնի  ժամանակ ոչնչացրածների ստույգ թիվն անհայտ է, որովհետև XIX դ. վերջին և  XX դ. սկզբին դեռևս չկար հայերեն բոլոր ձեռագրերի համահավաք ցուցակը, որի հետ համեմատվեր փրկվածների թիվը: Հայերեն ձեռագրացուցակներ կազմվել են դեռևս V-VI դդ., սակայն երկար ժամանակ հայկական պետականության բացակայության, Թուրքիայի, Ռուսաստանի և Պարսկաստանի միջև Հայաստանի բաժանված լինելու պատճառով հնարավոր չի եղել ստեղծել համահավաք ձեռագրացուցակ: Չնայած դրան, հայ և օտարազգի ուսումնասիրողներ Գ. Սրվանձտյանը, Ղ. Փիրղալեմյանը, Հ. Ճանիկյանը, Ա Միհրդատյանը, Հ. Տաշյանը,  Գ. Հովսեփյանը, Գ. Տեր-Կարապետյանը, Բ. Կյուլեսերյանը, Հ Թոփճյանը, Թ. Գուլակյանը,  Ե. Լալայանը, Հ. Աճառյանը, Վ. Լանգլուան, Ֆ. Մյուլլերը և ուրիշներ նկարագրել են Արևմտյան Հայաստանում, Կիլիկյան Հայաստանում և Օսմ. կայսրության հայաբնակ վայրերում գտնվող հազարավոր ձեռագրեր: Էջմիածնի միաբան Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանը կազմել է 22 000 հայերեն ձեռագրերի ցուցակը (անտիպ պահվում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի դիվանում): Մինչև ցեղասպանությունը մեծ թվով հայերեն ձեռագրեր են պահվել Սսի, Ադանայի, Կ.Պոլսի, Եվդոկիայի, Խիզանի, Տարոնի, Կարինի, Սեբաստիայի, Մալաթիայի, Վասպուրականի և Արևմտյան Հայաստանի ու Օսմ. կայսրության այլ վայրերի վանքերում ու եկեղեցիներում, անհատ մարդկանց մոտ: Կոտորածների և տեղահանության ժամանակ իրենց բնակավայրերից հեռացող հայերը հաճախ առաջին անհրաժեշտության իրերի փոխարեն իրենց հետ վերցրել են ձեռագիր մատյաններ՝ փրկելու համար մարդկային մտքի այդ արգասիքները: Շատ ձեռագրեր պահ են տրվել թաքստոցներին, սակայն թուրքերը, հայտնաբերելով, ոչնչացրել են: Հրաշքով փրկված ձեռագրերի մի մասը որոշ թուրքեր վաճառել են Եվրոպայում, իսկ շատ ձեռագրերի ու գրքերի թերթերն ու էջերը Մուշի, Կարինի և այլ վայրերի շուկաներում գործածել են որպես փաթեթավորման թուղթ:

Ոչնչացված ձեռագիր մատյանների մեջ եղել են Աստվածաշունչներ, սաղմոսներ, մաշտոցներ, ճաշոցներ, ժամագրքեր, պատարագամատույցներ, շարակնոցներ, հայսմավուրքներ, ճառընտիրներ, քարոզագրքեր, տոնացույցներ, օրացույցներ, կանոնագրքեր, վարքեր, հայ, հույն, ասորի, հրեա, հռոմեացի հեղինակների [Փավստոս Բուզանդ, Կորյուն, Եղիշե, Մովսես Խորենացի, Դավիթ Անհաղթ, Մովսես Կաղանկատվացի, Հովհաննես Դրասխանակերտցի, Թովմա Արծրունի, Գրիգոր Նարեկացի, Գրիգոր Մագիստրոս, Ներսես Շնորհալի, Ներսես Լամբրոնացի, Վարդան Այգեկցի, Գրիգոր Տաթևացի, Առաքել Սյունեցի, Թովմա Մեծոփեցի,  Հակոբ Թոխաթեցի, Ստեփանոս Լեհացի, Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նազիանզացի, Հովհան Ոսկեբերան, Պրոկղ (Պրոկղես), Միքայել Ասորի, Նանա Ասորի, Կյուրեղ Երուսաղեմացի, Դիոնիսիոս Արեոպագացի, Եվագրոս, Հերոնիմոս, Կոռնելիոս Լատինացի, Թովմա Աքվինացի և այլք] հեղինակած պատմական, փիլիսոփայական, բնագիտական բնույթի գործերը, հայկական մանրանկարչության գլուխգործոցներ: 1894-96-ին և 1915-23-ին հայկական ձեռագրերի ոչնչացումը խոշոր հարված էր ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթին ու գիտությանը և անդառնալի կորուստ մարդկության համար:

Այդպիսով, հայ ժողովրդի հսկայական զանգվածներին կոտորելուց զատ, ոչնչացվեցին նաև հազարամյակների ընթացքում ստեղծված մշակութային արժեքներն ու հուշարձանները:

Հայ գաղթականների անձնազոհության, մտավորականության ջանքերի շնորհիվ, այնուամենայնիվ, Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող ձեռագրերի մի մասը փրկվել է: Ոչնչացումից փրկված, ինչպես նաև հայկական այլ ձեռագրեր պահվում են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում, Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարաններում, Երուսաղեմի և Կ.Պոլսի պատրիարքարաններում, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների մատենադարաններում, աշխարհի խոշորագույն գրադարաններում և թանգարաններում:

Հայ ժողովրդի ազգային-մշակութային եղեռնը շարունակվում է նաև ժամանակակից Թուրքիայում: Յուրացվում են հայերի հոգևոր և մշակութային արժեքները, ծրագրված ոչնչացվում ճարտարապետական հուշարձանները, խտրականության է ենթարկվում  Կ.Պոլսի հայկական համայնքի դպրոցական կրթական համակարգը (արգելված է Հայաստանի պատմության, աշխարհագրության, հայ գրականության դասավանդումը): Հայոց պատմության և մշակույթի վրա թուրքերի հարձակումը հետապնդում է երկու նպատակ. ցույց տալ, որ Արևմտյան Հայաստանը չի եղել հայերի հայրենիքի մի մասը, և չի եղել հայերի ցեղասպանություն: Ժամանակակից թուրք պատմագիտությունը կեղծում է Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը՝ փորձելով «ապացուցել» հայերի եկվոր, Հայկական լեռնաշխարհում ոչ բնիկ լինելը, հայ պետական, եկեղեցական և մշակույթի գործիչների, այդ թվում՝ Տիգրան Բ Մեծի, Գրիգոր Լուսավորչի, Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի թուրք ազգին պատկանելը, աշխատում է «հիմնավորել» դրույթներ այն մասին, որ Հայաստանը, այսպես կոչված, Արևելյան Անատոլիայում գտնվող մի տարածքի լոկ աշխարհագրական անունն է, որ հայկական մշակութային հուշարձանները ճիշտ չէ հայկական անվանել, որովհետև դրանք, իբր, ստեղծել են թուրքերը:

Միաժամանակ պրոպագանդվում է, որ հայ ճարտարապետների կառուցած քրիստոնեական և մահմեդական տաճարներն ու այլ շինությունները «հատուկ են միայն թուրքական հանճարին», հայ երգարվեստի և կիրառական արվեստի բազմաթիվ նմուշներ վերագրվում են թուրքերին: Տարիներ շարունակ Հայաստան անունը հետևողականորեն ջնջվում է թուրքական քարտեզներից (1970-ական թթ-ից նույն կերպ էին վարվում նաև նախկին ԽՍՀՄ-ում հրատարակվող Թուրքիայի շատ քարտեզներում), տեղեկատուներից և ուղեցույցներից, անգամ թարգմանություններից: Իսկ երբ, այնուամենայնիվ, այդ անունը հայտնվում է տպագիր որևէ հրատարակությունում, բռնագրավվում է ամբողջ տպաքանակը, հեղինակներն ու հրատարակիչները ենթարկվում են պատասխանատվության: Թուրքական իշխանությունները բողոքում են արտասահմանյան այն ընկերությունների, հեղինակների կամ հրատարակիչների դեմ, որոնք ժամանակակից Թուրքիայի տարածքում իրավացիորեն նշում են կամ հիշատակում հայկական պետությունների, քաղաքների ու մայրաքաղաքների մասին, խոչընդոտներ են հարուցում Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի այլ շրջաներում հայկական մշակույթն ուսումնասիրողներին կամ արգելում ուսումնասիրություն կատարել:

1920-ական թթ. վերջից Թուրքիայում սկսվել է Արևմտյան Հայաստանի տեղանունները փոխելու ընթացքը. այդ նպատակով ստեղծվել է հատուկ վարչություն: Ըստ Զորյան հաստատության (ԱՄՆ) տվյալների, Արևմտյան Հայաստանի տեղանունների ավելի քան  90%-ը թրքացվել է («Զարթոնք», 15 սեպտ. 1983):

Ժամանակակից Թուրքիայում շարունակվում է հայկական ճարտարապետական հուշարձանների ոչնչացումը: 1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմ. կայսրությունում հայկական  եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 էր: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցներից 464-ը ամբողջովին անհետացել են, 252-ը ավերակ են, 197-ը ամբողջովին նորոգման կարիք ունեն: Հայկական ճարտարապետական հուշարձանների ծրագրված ոչնչացման հետևանքով երկրի երեսից ջնջվել են (քանդվել, թողնվել ջրի տակ, ոչնչացվել հրետանային զինավարժությունից) վաղ քրիստոնեական հայկական ճարտարապետության այնպիսի հայտնի հուշարձաններ, ինչպիսիք են Ագարակի Ստեփանոս Նախավկա (XII դ.), Ալամանի Ս. Անանիա (637) եկեղեցիները, Բագավանի Ս. Հովհաննեսի տաճարը (631-639), համաշխարհային նշանակություն ունեցող Ս. Թեոդորոս եկեղեցին (Բագարան, 624-631), որի հորինվածքը դուրս է եկել Հայաստանից և տարածվել Եվրոպայում (գիտական գրականության մեջ կա «Բագարանի տիպի հուշարձաններ» հասկացությունը), Շիրակավանի Ս. Փրկիչ եկեղեցին (890-914), համալիրային գլուխգործոց Խծկոնքի վանքի (IX-XI դդ.) հինգ եկեղեցիներից չորսը (Ս. Աստվածածին, Ս. Ստեփանոս, Ս. Լուսավորիչ, Ս. Կարապետ), գեղարվեստական մեծ արժեք ներկայացնող զարդաքանդակներով (աստվածաշնչյան թեմաներով) Հակոբավանքը (Վանի վիլայեթում), միջնադարյան Հայաստանի լուսավորական և հոգևոր խոշոր կենտրոն Նարեկավանքը (X դ.), Մուշի Ս. Կարապետ վանքը (VII-XVII դդ.), Թունջելի վիկայեթում՝        Ս. Աստվածածին (X դ.) և Ս. Հովհաննես-Կարապետ եկեղեցիները ևն: Ծփնիի (այժմ՝ Զիբինի, Կարսի վիլայեթում) եկեղեցին (VII դ.) վերածվել է մզկիթի, իսկ տասնյակ եկեղեցիներ՝ փարախների և գոմերի: Անի մայրաքաղաքում շինությունների ստորին քարերը հանվել են և օգտագործվել շրջակա գյուղերի տների կառուցման համար. դրա հետևանքով 1957-ին փլվել է Փրկչի եկեղեցու (1036) կեսը, 1966-ին ամբողջովին քանդվել է   XI դ. եզակի կառույց Հովվի եկեղեցին, իսկ Անիի մյուս շինությունները, այդ թվում՝ հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը՝ Մայր տաճարը (1001), ամբողջովին քանդվելու վտանգի տակ են:

Հայերի Ա-Մ.Ե. տեղի է ունենում նաև 1918-ին ստեղծված Ադրբեջանում, որի տարածքի զգալի մասը կազմված է Մեծ Հայքի Արցախ, Ուտիք և Փայտակարան, մասամբ՝ Սյունիք, Վասպուրական և Այրարատ նահանգների տարածքից: Ավելի քան յոթանասուն տարի Ադրբեջանի կառավարությունը (նախկին ԽՍՀՄ կառավարության թողտվությամբ) վարել է հայահալած քաղաքականություն, որի հետևանքով խորհրդային իշխանության տարիներին Ադրբեջանում փակվել են հայկական բազմաթիվ դպրոցներ, Բաքվի հայկական թատրոնը ևն: Նախիջևանի Հանրապետությունում հայկական մշակույթի կոթողները՝ բազմաթիվ եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմանաքարեր (Ագուլիսում, Ջուղայում, Նախիջևանում, Օրդուբադում, Հանդամեջում, Տրունյաց ձորում և այլուր) ոչնչացվել ու ոչնչացվում են որոշակի ծրագրով և նպատակով: Ադրբեջանում (ինչպես և Թուրքիայում) հայ մշակույթի ոչնչացումը կատարվում է երկու ձևով. հուշարձանների ոչնչացմամբ և հայ մշակութային գործիչների ու արժեքների յուրացմամբ:

Ադրբեջանցի «մասնագետները» հայ որոշ գիտնականների, մշակույթի գործիչների համարում են աղվանացի գործիչներ, հայկական եկեղեցիներն ու միայն հայ մշակույթին հատուկ խաչքարերը՝ աղվանական մշակույթի նմուշներ, իսկ ադրբեջանցիներին՝ աղվանների հետնորդներ, հետևաբար, ըստ նրանց, այդ ամենը ադրբեջանական են: Բացի դրանից, Ադրբեջանում հրատարակվում են  հակագիտական քարտեզներ, որտեղ Ադրբեջանի «տարածք» են համարվում Հայաստանի Հանրապետության արլ. և հվ-արլ. տարածքները:

Հայ բնակչության և հայկական մշակույթի կոթողների ոչնչացման ընթացքն ուժեղացավ 1988-ից, երբ Ղարաբաղի հայ բնակչությունը, իրագործելով ժողովուրդների ինքնորոշման վերաբերյալ միջազգային իրավունքի ընձեռած հնարավորությունը, որոշեց վերամիավորվել Հայաստանի Հանրապետության հետ:

Թուրքիայում և Ադրբեջանում հայերի Ա-Մ.Ե-ի նպատակն է հայ ժողովրդի ստվար զանգվածներին կոտորելուն, հայկական տարածքները յուրացնելուն զուգընթաց՝ վերացնել և յուրացնել հայ ժողովրդի ստեղծած մշակութային արժեքները, հայկական քաղաքակրթության գոյության նյութական արտահայտությունները, որպեսզի չմնան «անհետացած» ժողովրդի վկաները:

Հայկական մշակույթի պահպանության խնդիրն ունի կարևոր նշանակություն համաշխարհային մշակույթի համար: 1987-ի Եվրոպական խորհրդարանի բանաձևի 6-րդ կետում ասված է, որ թուրքական կառավարությունը ուշադրություն պետք է դարձնի հայ ժողովրդի յուրօրինակությանը, Թուրքիայում ապրող հայերի լեզվին, կրոնին, մշակութային, կրթական համակարգին: Միաժամանակ Եվրոխորհրդարանը պահանջում է պատշաճ վերաբերմունք այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների նկատմամբ: ԽՍՀՄ, Թուրքիայի և Իրանի (այստեղ, ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի կարևոր ուշադրություն է դարձվում հայկական մշակութի հուշարձաններին) տարածքում հայկական մշակույթի հուշարձանների պահպանության խնդիրներին էր նվիրված 1990-ի ապրիլին Ստրասբուրգում (Ֆրանսիա) տեղի ունեցած «Հայ ճարտարապետական ժառանգության պաշտպանությունը» թեմայով միջազգային գիտաժողովը: Ընդունվեցին բանաձևեր (միաժամանակ դիմելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ԽՍՀՄ և Թուրքիայի կառավարություններին)՝ «Հայկական հուշարձանների փրկության մասին», «Անիի հուշարձանների մասին» և 1988-ի երկրաշարժից ավերված հուշարձանների մասին:

------------------

Գրկ. Սրվանձտյան Գ., Հնոց և նորոց, Կ.Պոլիս, 1874: Աճառյան Հ., Ցուցակ հայերեն ձեռագրաց Սանասարյան վարժարանի ի Կարին, Վիեննա, 1900: Լալայան Ե., Ցուցակ հայերեն ձեռագրաց Վասպուրականի, պրակ 1, Թիֆլիս, 1915: Ոսկյան Հ., Տարոն-Վասպուրականի վանքերը, Վենետիկ, 1953: Սարգսյան Ե., Սահակյան Ռ., Հայ ժողովրդի նոր  շրջանի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ, Երևան, 1963: Սաֆրաստյան Ա.Խ., Կոստանդնուպոլսի հայոց պատրիարաքարանի կողմից Թուրքիայի Արդարադատության և դավանանքների մինիստրության ներկայացված եկեղեցիների և վանքերի ցուցակներն ու թաքրիրները (1912-1913 թթ.), «Էջմիածին», 1965, № 1: Քոլանջյան Ս., Մեր ձեռագրական կորուստները, «Էջմիածին», 1965, № 2-7, 1966, № 8-10, 1967, № 5-6:          Այվազյան Ա., Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1978: Նույնի, Памятники Армянской архитектуры Нахичеванской АССР, Ереван, 1981; Зулалян М. Вопросы древней и средневековой истории Армении в освещении современной турецкой историографии, Ереван, 1970; Lemkin R., Axis Rule in Occupied Europe, W., 1944; Uras E., Tarihte Ermeniler ve ermeni meselesi, Istanbul, 1950; Engin A., Eti tarihi, Istanbul, 1953; Kuper L., Genocide׃Its Political Uses in the Twentieth Century, New Haven, 1981; Genocide, Social Sciences Record, v. 24, issue 2, N.Y., 1987; The Armenian Question Today, Glendale, 1988.

Հեղինակներ՝

Ա. Հովհաննիսյան

Մ. Հասրաթյան

Սեդրակ Կրկյաշարյան

 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996, էջ 11-15:

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
купить просмотры
kerkyra
kerkyra
сейчас на сайте
Читателей: 2 Опыт: 0 Карма: 1
Теги
33 года назад 7 районов арцаха за 5 млрд долларов 9 հարց asala failed state hайк наhапет γενοκτονία ιατρικά μαντελσταμ ναγκόρνο καραμπάχ «νέμεσις»... οι ελεύθερες ρίζες ουσίες στραβων τα αντιοξειδωτικά φυτικές ίνες абхазия осетия адонц айк нахапет ани аннексия ара абрамян арабские историографы арешев арман сагателян армен айвазян армянская энциклопедия армянские мстители армянский вопрос артак закарян арцах аршакуни атропат байден баласанян батыев бельгия богдан атанесян бывшие вазген манукян вандализм церковь великая армения венизелос виктор кривопусков вооруженные силы армении галерея подонков геворг геворгян генералы геноцид геноцид армян в азербайджане гостеприимство армян двойные стандарты демография детская кровать дорожная карта «дружба народов» дюма ереван законопроект о криминализации отрицания геноцида западная армения затулин идеология изобретения армян кадры казимиров «карабахский вопрос» каро пайлан левон мелик-шахназарян лжеучёный михаил мейер литовцев макрон малая армения марина григорян марина мкртчян маузерист андо мид михалис игнатиу мовсес каланкатваци мовсес хоренаци музей геноцида мхитар гераци мы опаздываем надеин-раевский наим бей национальная ассамблея франции национальное собрание франции национально-культурный геноцид новый год ногалес нюрнберг одкб операция «немезис» оппозиция отставка отставки памятники армянской архитектуры память жертв пандухт парад пашинян первая христианская страна повысил себе зарплату полибий страбон посол «азербайджана» потери предатель прелюдия принцип оон продажа арцаха пушкин рассказ русского офицера республики арцах роль россии рукописи русский офицер саркис цатурян светлана шмелева селфи серж саргсян советский генерал сопредседатели статус карабаха сумгаит тацит тёмные складки ультиматум 17 уничтожение армянских рукописей устройство арцаха фальсификация истории фейковый мир фридман ходжалу холокост холокост евреев цитатомания шарден шармазанов шильтбергер энциклопедии энциклопедия юрий котенок яникян ազգային-մշակութային եղեռն «ազերի» աշոտ մինասյան ասալա արամ անտոնյան արթուր եղիազարյան արմեն աշոտյան բաթըև բռնակցում գառնիկ իսագուլյան դավաճան դավաճանապետ դավաճանություն եռաբլուր/ераблур երևան երկերեսանիներ զատուլին զորապետներ իգիթյան իվան դավիդ լտպ կարեն օհանջանյան կորսված տարածքներ հաղորդակցություն հայաստան հայ ժողովուրդ հայկ նահապետ հանրագիտարան հեղինե բիշարյան հեռախոսազրույց հերյուրանքներ հերոս դավիթ միքայել մինասյան մ. ղահրամանյան նիկոլը գնալու է պեր գարտոն պոեմ սահմաններ սամվել կարապետյան փաշինյան սոսի վիկտոր հյուգո վնասները տիգրանակերտի ճակատամարտը տիգրան բ մեծ ցույց փոք հայք փոքր հայք քոչարյան ֆրանսիայի ազգային ժողով
все 3 Мои друзья