Категория: Հայերեն էջեր

Մ.Թ.Ա. IV Դ. ՎԵՐՋԻՆ ՓՈՔՐ ՀԱՅՔԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ


 Մ.թ.ա. 331 կամ 330 թ., Գավգամելայի ճակատամարտից հետո, Մեծ Հայքն ու Փոքր Հայքը հռչակվեցին անկախ պետություններ(1): Հայկական այդ երկու պետությունների հետագա տարիների պատմությունը ժամանակակից հայ պատմագիտության մեջ համառոտ ունի հետևյալ տեսքը: Մեծ Հայքը դարձել է ուժեղ պետություն և «...ակտիվ դեր է խաղացել Փոքր Ասիայի քաղաքական կյանքում(2): «Ի տարբերություն Երվանդունիների հայկական պետության (Մեծ Հայքի- Ս.Ս), Փոքր Հայքը շուտով ենթարկվեց մակեդոնացիներին»(3):

 Ալեքսանդր Մակեդոնացու մահից (մ.թ.ա. 323 թ.) հետո նրա ստեղծած պետության խնամակալ(4) Պերդիկկասը նվաճել է Փոքր Հայքի հարևան, անհնազանդ Կապադովկիան և այն հանձնել Եվմենես Կարդիացուն(5): Մ.թ.ա. 322 թ. մակեդոնացի զորավար Նեոպտղոմեոսը արշավել է Փոքր Հայք և դիմադրության հանդիպել այնտեղ, սակայն Եվմենեսին հաջողվել է գրավել Փոքր Հայքը, իսկ Եվմենեսի հեռանալուց ապա և սպանվելուց հետո «Փոքր Հայքը հավանաբար անցնում է մյուս դիադոխներին» (6):

  Հ. Մանանդյանը Փոքր Հայքի առիթով գրում է. «Սկզբնաղբյուրների որոշ ակնարկներից դժվար չէ կռահել, որ Փոքր Հայքը ոչ թե առանձին սատրապություն էր, ինչպես այդ սովորաբար ենթադրվում է պատմագիտական նորագույն երկերում, այլ նա արևելան մասն էր Եվմենեսին տրված Կապադովկյան սատրապության, և Նեոպտոլեմոսին (իմա՝ Նեոպտղոմեոսին-Ս.Կ.) էին հանձնարարել գրավել այդ շրջանը»(7): Սակայն, ըստ Մանանդյանի, Նեոպտղոմեոսը դժգոհություն է առաջացրել Փոքր Հայքի բնակչության մեջ «և առաջացրել էր այնտեղ խառնակություներ ու ապստամբություն: Այնուհետև  Եվմենեսի միայն միջամտությամբ, որը վարում էր մեղմ ու հաշտ քաղաքականություն, հաջողվել էր Փոքր Հայքը խաղաղեցնել ու հնազանդեցնել»(8): (Կարծես խաղաղությամբ հնազանդեցնելը առավելություն ուներ կամ ավելի լավ էր, քան ուժով հնազանդեցնելը): Այնուհետև Հ. Մանանդյանը բերում է Պլուտարքոսի մի հատվածը (Eumenes, IV, 1-2) և դրա հիման վրա եզրակացնում, որ Փոքր Հայքը հպատակեցվել էր մակեդոնացիներին(9):

  Անհրաժեշտ է նշել, որ Փոքր Հայքի վերաբերյալ պատմագիտության մեջ եղած այդ տեսակետները լոկ ենթադրություններ ու կարծիքներ են և Փոքր Հայքի անկախության կորուստը հաստատող ոչ մի ծանրակշիռ փաստարկ չի բերվում: Ի դեպ, այդպիսի փաստարկ չի էլ կարող բերվել, որովհետև սկզբնաղբյուրների կցկտուր տեղեկությունների անկանխակալ և մանրազնին քննությունը ցույց է տալիս, որ Փոքր Հայքի հետ կապված իրադարձությունները տեղի են ունեցել այլ կերպ, քան ընդունված են, որ սկզբնաղբյուրներում ոչ միայն ուղղակի, այլև անուղղակի ակնարկ անգամ չկա մակեդոնացիների կողմից Փոքր Հայքը հպատակեցնելու մասին:

  Մ.թ.ա. 323 թ. մայիս-հունիսից (այսինքն՝ Ալեքսանդր Մակեդոնացու մահից) հետո ընկած ժամանակաշրջանում Փոքր Հայքի պատմությունը ճիշտ լուսաբանելու համար հարկավոր է, գեթ համառոտակի, անդրադառնալ Արևելքում տեղի ունեցած իրադարձություններին:

  Ալեքսանդր Մակեդոնացու մահից անմիջապես հետո, դեռ նրան չթաղած, վեճ ծագեց նրան ժառանգելու հարցի շուրջ(10), քանի որ Ալեքսանդրը չէր նշանակել իրեն  հաջորդ՝ ասելով, որ պետությունը կմնա լավագույնին(11): Մ.թ.ա. 323 թ. հունիսի 13-ին(12), Բաբելոնում, մակեդոնացի զորավարների խորհրդակցությունում, որոշվեց միմյանց միջև բաժանել Ալեքսանդրի կայսրությունը: Եգիպտոսը, Ասորիքը, Փյունիկիան, Կիլիկիան, Լիկիան, Պամփիլիան, Մեծ և Փոքր Փռյուգիաները, Կարիան, Լիդիան, Մարաստանը, Թրակիան բաժանվեցին Ալեքսանդր Մակեդոնացու զորավարների ու մտերիմների միջև(13):

 Ալեքսանդր Մակեդոնացու երբեմնի քարտուղար Եվմենես Կարդիացուն տրվեցին Կապադովկիան, Պափլագոնիան և սահմանակից երկրները (14), նրան հանձնարարվեց պահպանել այդ երկրները մինչև Տրապիզոն և պատերազմել Կապադովկիայի թագավոր Արիարաթեսի դեմ (15):

 Բաժանված երկրների թվում չեն հիշատակվում  Մեծ  և Փոքր Հայքերը:  Դա նշանակում է, որ Ալեքսանդր Մակեդոնացին չէր գրավել կամ, ինչն առավել հավանական է, չէր կարողացել գրավել ո՛չ Մեծ Հայքը (16),  ո՛չ էլ  Փոքր Հայքը, որոնք պահպանել են իրենց անկախությունը Աքեմենյանների լուծը թոթափելուց հետո:

 Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Կապադովկիան գրավելուց հետո,  այնուամենայնիվ, այդտեղ թագավորում էր դեռևս Դարեհ III-ի ժամանակ սատրապ նշանակված (17) Արիարաթեսը (18):  Բաբելոնի խռորհրդակցությունից հետո Ալեքսանդրի տերության խնամակալ Պերդիկկասը և Եվմենեսը մ.թ.ա. 323 թ. արշավել են Կապադովկիա, պարտության մատնել Արիարաթեսին (19), և Եվմենեսը հաստատվել է Կապադովկիայի կառավարիչ (20): Դրանից հետո Պերդիկկասը գնացել է Կիլիկիա, իսկ Եվմենեսը կարգավորել է գործերը Կապադովկիայում, ապա գնացել Պերդիկկասի մոտ (21):

   Մ.թ.ա. 323 թ. Բաբելոնի խորհրդակցությունից հետո մակեդոնացի զորավարների միջև պայքարը չդադարեց. դեռ երկար տարիներ նրանք պատերազմում էին իրենց տիրույթներն ընդլայնելու համար: Սկզբնական շրջանում պայքարը գնում էր մի կողմից՝ Ալեքսանդրի տերության միասնությունը պահպանել ցանկացող (22) Պերդիկկասի և Եվմենեսի, մյուս կողմից՝ իրենց տիրույթներն ընդարձակելուն և ազդեցությունը մեծացնելուն ձգտող Մակեդոնիայի կառավարիչներ Կրատերոսի ու Անտիպատրոսի և Եգիպտոսի կառավարիչ Պտղոմեոսի միջև:

Մ.թ.ա. 322/321 թ. Կրատերոսը և Անտիպատրոսը անցան Ասիա՝ տապալելու  Պերդիկկասի իշխանությունը (23):

 Այդ իրադարձությունները և Փոքր Հայքի այդ ժամանակաշրջանի պատմությունը ճիշտ հասկանալու համար բերենք երկու հատված Եվմենեսի կենսագրությունից, որը հեղինակել է Պլուտարքոսը:

 ա. «(Պերդիկկասը) Եվմենեսին Կիլիկիայից ուղարկեց ետ՝ առերևույթ իր  սատրապությունը կառավարելու, իսկ իրականում հարևան Արմենիան, որտեղ խռովություն էր սերմանում Նեոպտղոմեոսը, իր ձեռքում պահելու համար: Եվմենեսը փորձեց այդ զորավարին, թեև նա ամբարտավան  էր ու պարծենկոտ, հանդարտեցնել խաղաղասիրական հորդորներով» (24):

 բ. «Շուտով Կրատերոսը և Ահտիպատրոսը, հույներին հաղթելով (25), անցան Ասիա՝ տապալելու Պերդիկկասի իշխանությունը: Լուրեր տարածվեցին Կապադովկիա ներխուժելու նրանց մտադրության մասին: Այնժամ  Պերդիկկասը, որը պատերազմում էր Պտղոմեոսի դեմ, Եվմենեսին նշանակեց Կապադովկիայում և Արմենիայում գտնվող զորքերի գլխավոր հրամանատար և նրան տվեց անսահմանափակ լիազորություններ: … (Պերդիկկասը իր եղբայր) Ալկետեսին  և Նեոպտղոմեոսին հրամայեց ենթարկվել Եվմենեսին, իսկ իրեն՝   Եվմենեսին, հանձնարարեց գործերը վարել ըստ հարմարության:

… (Իսկ) Նեոպտղոմեոսն այլևս չէր թաքցնում իր դավաճանական մտադրությունները և ստանալով Եվմենեսի հրամանը՝ ներկայանալ, չենթարկվեց...» (26):

 Պլուտարքոսը, թվում է, շփոթել է իրադարձությունները՝ միևնույն երևույթի վերաբերյալ հաղորդելով երկու տարբեր տեղեկություններ: Իրականում,  ա. և բ. հատվածերը միևնույն երևույթի, այն է՝ Կապադովկիան Անտիպատրոսի և Կրատերոսի հնարավոր կամ իրական ներխուժումից ապահովելու համար իրականացված միջոցառումների վերաբերյալ երկու տարբեր սկզբնաղբյուրների օգտագործման հետևանք են: Այդ պատճառով երկու հատվածներում եղած վկայությունները, որոշ տարբերություններով հանդերձ, համարժեք են և համանշանակ:

 Ահավասիկ.

1.    ա. հատվածի «(Պերդիկկասը) Եվմենեսին Կիլիկիայից ուղարկեց ետ՝ առերևույթ իր  սատրապությունը կառավարելու» արտահայտությունը համարժեք է բ. հատվածի «Այնժամ  Պերդիկկասը,… Եվմենեսին նշանակեց Կապադովկիայում և Արմենիայում գտնվող զորքերի գլխավոր հրամանատար և նրան տվեց անսահմանափակ լիազորություններ:… Եվմենեսին, հանձնարարեց գործերը վարել ըստ հարմարության» արտահայտություններին:

 Իբրև ապացույց այն բանի, որ այդ երկու վկայությունները վերաբերում են միևնույն դեպքին, կարող է ծառայել Դիոդորոս Սիկիլիացու՝ այդ առիթով արված մեկ վկայությունը, որտեղ նա պարզապես հաղորդում է, թե Պերդիկկասը Եվմենեսին ուղարկել է Կապադովկիա իբրև զորապետ (27):

2.    ա. հատվածի «Եվմենեսը փորձեց այդ զորավարին (Նեոպտղոմեոսին-Ս.Կ.), … հանդարտեցնել խաղաղասիրական հորդորներով» արտահայտությունը համարժեք է բ. հատվածի «(Պերդիկկասը իր եղբայր) Ալկետեսին  և Նեոպտղոմեոսին հրամայեց ենթարկվել Եվմենեսին, իսկ իրեն՝ Եվմենեսին, հանձնարարեց գործերը վարել ըստ հարմարության» արտահայտությանը:

3.    ա. հատվածի «հարևան Արմենիան (այսինքն՝ Փոքր Հայքը –Ս.Կ.)… իր ձեռքում պահելու» արտահայտությունը համարժեք է բ. հատվածի «Եվմենեսին նշանակեց Կապադովկիայում և Արմենիայում գտնվող զորքերի գլխավոր հրամանատար» արտահայտությանը:

4.    ա. հատվածի «հարևան Արմենիան, որտեղ խռովություն էր սերմանում Նեոպտղոմեոսը» արտահայտությունը համարժեք է բ. հատվածի «Նեոպտղոմեոսն այլևս չէր թաքցնում իր դավաճանական մտադրությունները» արտահայտությանը

  Արդարև, և՛ ա., և՛ բ. հատվածներում նկարագրվող իրադարձությունները հավասարապես կարող են վերաբերվել Կապադովկիան և շրջակա երկրները մի մեծ վտանգից ապահովելու նպատակով ձեռք առնված միջոցառումներին: Իսկ այդպիսի վտանգը Կրատերոսի և Անտիպատրոսի՝ Կապադովկիա արշավելու մտադրությունն էր:

 Միտք չուներ Եվմենեսին երկու անգամ կարգադրություն անել նրա իսկ սատրապության վերաբերյալ (մասնավորապես ա. հատվածում նշվածը), առավել ևս, որ Եվմենեսը մինչև Կիլիկիա՝ Պերդիկկասի մոտ գնալը արդեն իսկ կարգավորել էր գործերը Կապադովկիայում (28): Հետևաբար երկու հատվածներում էլ Պերդիկկասի կարգադրությունները կարող էին վերաբերվել միայն արդեն նշված արտակարգ վիճակի ժամանակին:

 Կարևոր է որոշել Նեոպտղոմեոսին հիշատակող տեղեկությունների էությունը: ա.  հատվածում նշված է, որ նա խռովություն էր սերմանում Արմենիայում, այսինքն՝ Փոքր Հայքում, իսկ բ. հատվածում՝ որ նա այլևս չէր թաքցնում իր դավաճանական մտադրությունները:

  Նեոպտղոմեոսի հետագա գործողությունները՝ Եվմենեսին չենթարկվելը, նրա դեմ հանդես գալը, ճակատամարտելը, Կրատերոսի ու Անտիպատրոսի մոտ գնալը (29), ցույց են տալիս, որ Նեոպտղոմեոսն ի սկզբանե տրամադրված էր Պերդիկկասի և Եվմենեսի դեմ: Հիշենք «Նեոպտղոմեոսն այլևս չէր թաքցնում իր դավաճանական մտադրությունները...»  արտահայտությունը, որը նշանակում է, թե Նեոպտղոմեոսն իր ինչ-ինչ քայլերով Պերդիկկասի և Եվմենեսի մոտ արդեն իսկ կասկած էր հարուցել և հիմա, երբ նախապատրաստվում էր Կրատերոսի և Անտիպատրոսի ներխուժումը Կապադովկիա, Նեոպտղոմեոսի մտադրություներն ակներև են դառնում:

 Դավաճանական մտադրությունները չթաքցնելու լավագույն արտահայտությունն էր, անկասկած, Կապադովկիայի հարևան Փոքր Հայքում խռովություններ սերմանելը: Դա հօգուտ Կրատերոսի և Անտիպատրոսի էր,կամ, կարելի է նույնիսկ ենթադրել, այդ ամենը նախապես մշակված ընդհանուր ծրագրի մի մասն էր. մինչև Կրատերոսի և Անտիպատրոսի Կապադովկիա  արշավելը, Նեոպտղոմեոսը հող էր նախապատրաստում Կապադովկիայի  թիկունքը թուլացնելու համար: 

  Պլուտարքոսի ա. և բ. հատվածները ուսումնասիրողներին տեղիք են տվել հանգելու տարբեր եզրակացությունների: Այսպես, ա. ենթադրել են, թե Նեոպտղոմեոսը Հայաստանի (Մեծ Հայքի) կառավարիչն էր (30): Դա, իհարկե ճիշտ չէ, որովհետև այդ ժամանակ Հայաստանն անկախ պետություն էր, և այնտեղ թագավորում էր Երվանդը (31):

  Այդ հատվածներից Հ. Մանանդյանը, ինչպես նշել եմ վերևում, ենթադրում է, թե Փոքր Հայքն ընկել է մակեդոնացիների գերիշխանության տակ (32):

  Այդ և նման եզրակացությունները զուրկ են պատմական հիմքից, և Փոքր Հայքը չի ենթարկվել մակեդոնացիների գերիշխաւթյանը:

  Արդ, ի՞նչ կռվաններ կան դրա համար:

1.    Պլուտարքոսի վերը բերած հոդվածներում ակնարկ անգամ չկա Փոքր Հայքը մակեդոնացիներից նվաճված լինելու մասին. Փոքր Հայքը  հակառակորդ կողմերից մեկին (Պերդիկկաս և Եվմենես) հետաքրքրում էր  իբրև Կապադովկիայի թիկունքն ապահովող երկիր, մյուս կողմի համար (Կրատերոս, Անտիպատրոս և Նեոպտղոմեոս)՝ իբրև ռազմավարական հարմար հենարան:

2.    Եվմենեսը ետ էր ուղարկվել իր սատրապությունը, որի մեջ հիմնականում մտնում էին Կապադովկիան և Պափլագոնիան: Փոքր Հայքը չկար մակեդոնացի զորավարների միջև բաժանված երկրների թվում: Հետևաբար, խոսելով Եվմենեսին ենթակա երկրի մասին, պետք է հասկանալ միայն և միայն Կապադովկիան և Փափլագոնիան:

3.    Պլուտարքոսի վկայությունները հիմք չեն տալիս ենթադրելու, թե Նեոպտղոմեոսին հանձնարարվել էր գրավել Կապադովկիայի հարևան Փոքր Հայքը, ինչպես ենթադրում է Հ. Մանանդյանը: Ընդհակառակը՝ Պերդիկկասն ու Եվմենեսը ուզում էին հանդարտեցնել և զսպել Նեոպտղոմեոսին, որը, փաստորեն, իրենց հակառակորդն էր: Նմանօրինակ հանձնարարությունը կհակասեր մ.թ.ա. 323 թ. Բաբելոնում կայացած խորհրդակցության որոշումներից մեկին, ինչը վրիպել է ուսումնասիրողների տեսադաշտից:

  Երբ Դիոդորոս Սիկիլիացին խոսում է Ալեքսանդր Մակեդոնացու տերությունը նրա զորավարների միջև բաժանելու մասին, գրում է հետևյալը. «Նույնպես որոշվեց Ասիայի մյուս սատրապություններին (այսինքն՝ նրանց, որոնք չէին գրավվել Ալեքսանդր Մակեդոնացուց և, հետևաբար, չէին կարող բաժանվել նրա զորավարների միջև — Ս.Կ.) ձեռք չտալ, այլ դրանք թողնել իրենց նախկին կառավարիչների իշխանության տակ...» (33):

 Դիոդորոս Սիկիլիացին, փաստորեն, բերում է մի փաստաթուղթ, որը վավերացնում էր Աքեմենյանների անկումից հետո անկախացած և մակեդոնացիներից չնվաճված երկրների, այդ թվում՝ Փոքր Հայքի անկախությունը:  Այստեղ տեղին է նշել, որ Հուստինոսի մի վկայությունը ևս ապացուցում է Փոքր Հայքի նվաճված չլինելը (34):

4.    Ասվածը թույլ է տալիս հասկանալու Պլուտարքոսի այն խոսքերը, թե Եվմենեսին կարգադրվեց իր ձեռքում պահել  Կապադովկիայի հարևան Արմենիան, այսինքն՝ Փոքր Հայքը: Դա նշանակում էր Նեոպտղոմեոսին՝ Պերդիկկասի և Եվմենեսի հակառակորդին, թույլ չտալ ամրանալու Փոքր Հայքում: Նեոպտղոմեոսին զսպելու անհրաժեշտությունը հետապնդում էր և՛ քաղաքական, և՛ ռազմական նպատակ. նախ, իրագործել «մյուս սատրապություներին ձեռք չտալու» որոշումը, ապա, իրենց հակառակորդների դեմ առաջիկա պայքարում ապահովել թիկունքը՝ Կապադովկիայի հարևան Փոքր Հայքի չեզոքությունը: Պերդիկասին և Եվմենեսին առավել ձեռնտու էր աննվաճ, սական չեզոք, քան նվաճված և ըմբոստ Փոքր Հայքը:

5.    Բացատրելի է նաև Պլուտարքոսի բ. հատվածում Եվմենեսին Կապադովկիայում և Փոքր Հայքում գտնվող զորքերի գլխավոր հրամանատար նշանակելու մասին վկայությունը:  Քանի որ Նեոպտղոմեոսը խախտել էր բաբելոնյան պայմանավորվածությունը և ներխուժել էր Փոքր Հայք, բնականաբար Եվմենեսը պետք է նշանակվեր ոչ միայն Կապադովկիայում գտնվող իր, այլև Փոքր Հայք ներխուժած, հայերի դեմ կռվող, Կապադովկիայի թիկունքը վտանգող Նեոպտղոմեոսի հրամանատարության տակ գտնվող զորքերի ընդհանուր հրամանատար: Նեոպտղոմեոսին հաղթելով, Եվմենեսը, փաստորեն Փոքր Հայքը մաքրել է մակեդոնական զորքերից: Հենց այդպես պետք է հասկանալ Փոքր Հայքի խաղաղվելը:

  Մ.թ.ա. 322-321 թթ. պատերազմն ունեցել է այսպիսի ընթացք: Երբ Կրատերոսն ու Անտիպատրոսը անցել են Փոքր Ասիա և պատրաստվել են ներխուժել Կապադովկիա, Պերդիկկասն ու Եվմենեսը կարգավորել են գործերը Կապադովկիայում և շրջակա երկրներում: Նեոպտղոմեոսը հրաժարվել է ենթարկվել Եվմենեսին և մ.թ.ա. 321 թ. ճակատամարտել նրա դեմ, պարտվել է ու փախել Կրատերոսի և Անտիպատրոսի մոտ (ինչը վկայում է նրանց դաշնակիցը լինելը)(35):

   Այնուհետև, նույն տարում, ճակատամարտ է տեղի ունեցել Եվմենեսի ուժերի և Կրատերոսի ու Անտիպատրոսի զորքերի միջև, դարձյալ հաղթել է Եվմենեսը, իսկ Կրատերոսը՝ սպանվել (36):  Այդ ընթացքում Պերդիկկասը պատերազմում էր Եգիպտոսի կառավարիչ Պտղոմեոսի դեմ (37):

  Մ.թ.ա. 321 թ. Պերդիկկասը մահացել է: Նույն թվականին Ալեքսանդր Մակեդոնացու ստեղծած տերության խնամակալ դարձած Անտիպատրոսը (38) վերաբաժանել է սատրապությունները: Դիոդորոս Սիկիլիացին, որը մանրամասն խոսում է սատրապությունների այդ նոր բաժանման մասին, դարձյալ Փոքր Հայքը չի հիշատակում այդ երկրների ցանկում (39):

 Ըստ էության, Դիոդորոս Սիկիլիացու այս տեղեկությամբ էլ կարելի է ավարտել Փոքր Հայքը մակեդոնացիներից նվաճված չլինելու մասին սույն գործը: Սակայն դա առավել համոզիչ դարձնելու համար հետևենք իրադարձությունների ընթացքին:

  Նոր վերաբաժանումից զատ, Անտիգոնոսը՝ Մեծ Փռյուգիայի և Լիկիայի սատրապը նշանակվեց թագավորական զորքերի հրամանատար և նրան հանձնարարվեց պատերազմել Եվմենեսի դեմ (40): Անտիգոնոսի և Եվմենեսի ուժերի միջև ռազմական գործողությունները (մ.թ.ա. 320-316 թթ.) փոփոխակի հաջողությամբ ընթանում էին Կապադովկիայում (41), Փռյուգիայում (42), Շոշաստանում (Սուզիանե) (43), Մարաստանում (44): Եղավ մի պահ, երբ Եվմենեսը նույնիսկ փորձեց փախչել Հայաստան (45):

 Անտիգոնոսը, ձգտելով ձերբազատվել Անտիպատրոսի իշխանությունից, բանակցություններ է սկսել Եվմենեսի հետ (46), ով դարձյալ հզորացել էր: Իր զինվորների մարտական ոգին բարձրացնելու նպատակով, Եվմենեսը նամակներ է հորինել, որոնք իբր իրեն են ուղարկել հարևան երկրների թագավորներ ու կառավարիչները: Նամակներից մեկն, իբր ուղարկել էր Հայոց թագավոր Օրոնտես- Երվանդը (Երվանդ Գ) (47):

 Հայաստանի և Երվանդ Գ-ի հիշատակությունն այդ դեպքերի կապակցությամբ վկայում է մ.թ.ա. IV դ. վերջին Մեծ Հայքի միջազգային մեծ հեղինակության մասին (48):

 Եվմենեսի զորքերում հիշատակվում են փոքրասիական երկրների զինվորներ՝ փռյուգիացիներ, լիդիացիներ, պամփիլիացիներ (49), բայց ոչ հայեր, ինչը դարձյալ վկայում է այն մասին, որ հայկական պետությունները և, մասնավորապես, Փոքր Հայքը եթարկված չէին մակեդոնացներին, և նրանք, բնականաբար, չէին մասնակցում ռազմական գործողություններին:

   Անտիգոնոսի և Եվմենեսի պայքարն ավարտվել է մ.թ.ա. 316 թ., երբ գերված Եվմենեսը սպանվել է:  

 Մ.թ.ա. 322-316 թթ. պատերազմների ընթացքը ցույց է տալիս, որ մակեդոնացի զորավարները գործել են Փոքր Հայքի սահմաններից հեռու (միայն Նեոպտղոմեոսն է փորձել գրավել այն, սակայն անհաջողություն է կրել):

 Փոքր Հայքը գրավված չլինելով Ալեքսանդր Մակեդոնացուց, չի մտել այն երկրների մեջ, որոնք բաժանվեցին նրա զորավարների միջև և դարձել էին կռվախնձոր նրանց համար: Ընդհակառակը, երկպառակտչական այդ պատերազմերն օբյեկտիվորեն նպաստել են որոշ երկրների, մասնավորապես և՛ Մեծ Հայքի, և՛ Փոքր Հայքի անկախ գոյությանը:

  Այսպիսով, Գավգամելայի ճակատամարտից հետո անկախ հռչակված Փոքր Հայքը իր ակախությունը պահպանել է նաև Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո՝ ավելի քան 100 տարի: Միայն մ.թ.ա. III դ. վերջին Անտիոքոս III Մեծին հաջողվել է ժամանակավորապես գրավել հայկական  երկրները, այդ թվում՝ Փոքր Հայքը (50):   ----------

        1․ Հմմտ.՝ Հայ ժողովրդի պատմություն, հ. 1, Երևան, 1971, էջ 504 և 506  (այսունետև՝ ՀԺՊ):

        2․ Նույն տեղում, էջ 510:

․       3․ Նույն տեղում, էջ 506։

          4․ Հմմտ.՝ Դիոդորոս Սիկիլիացի, Պատմական գրադարան, XXXI, 19,4, Երևան, 1985, էջ 153․                            5. ՀԺՊ, էջ 506:

6. Նույն տեղում:

7. Հ. Մանանդյան, Երկ., հ. 1, Երևան, 1977, էջ 98:

8. Նույն տեղում:

9. Նույն տեղում, էջ 99:

10. Курций Руф, История Александра Македонского, Х,6-9, Москва, 1963, стр. 431-445.

11. Курций Руф, Х, 5, 5, стр. 427. Арриан, Поход Александра, VII, 26, 3,  

      Москва – Ленинград, 1962, стр. 235. Диодор, Историческая  библиотека,

      XVII, 117, 4, в кн. Арриан, Поход Александра, Москва –  Ленинград, 1962,

      стр. 336.

12. Հմմտ.՝ Plutarch’s, Lives, vol. 8. <st1:city w:st="«on»"><st1:place w:st="«on»">Cambridge</st1:place></st1:city> /  <st1:state w:st="«on»"><st1:place w:st="«on»">Massachusetts</st1:place></st1:state> / <st1:city w:st="«on»"><st1:place w:st="«on»">London</st1:place></st1:city>,  

      1949, p. 84,ծնթ. 1  /այսուհետև՝Plut., Eum./.

13. Դիոդորոս Սիկիլիացի, XVIII, 3, 1-2, էջ 110-111:  Курций Руф,X,  10,1-4,

       стр. 445. Հմմտ. նաև՝ Юстин, XIII, 4, 9-25, «ВДИ», 1954, №3, стр. 225-226.

14. Դիոդորոս Սիկիլիացի, XVIII, 3, 1, էջ 110:  Plut., Eum., III, 2, p. 84: Տես նաև՝

      Юстин, XIII, 4,16,  6, 14,   стр. 225, 228.

15. Курций Руф, Х, 10, 3, стр. 445.:  Plut., Eum., III, 2, p. 84:

16. Հմմտ.՝ ՀԺՊ, էջ 503: Հ. Մանանդյան, նշվ. աշխ., էջ 97:

17. Հմմտ.՝ Հ. Մանանդյան, նշվ. աշխ., էջ 98:

18. Plut., Eum., III, 2, p. 84:

19. Plut., Eum., III, 6, p. 86-88. Հմմտ.՝ Դիոդորոս Սիկիլիացի, XVIII, 16, 1-2, էջ 112:

      Аппиан, Митридатовы войны, 8, «ВДИ», 1946, № 4,  стр. 241 (այսուհետև՝      

      Аппиан, Митр.): Հմմտ. նաև՝ Юстин, XIII, 6, 1, «ВДИ», 1954, №3, стр. 227.

20.Plut., Eum., III, 6, p. 88.  Аппиан, Митр.8, , стр. 241.

21. Plut., Eum., III, 7, p. 88. 

22. Հմմտ.՝ Դիոդորոս Սիկիլիացի, XVIII, 53, 7, էջ 117-118: Նաև՝ ՀԺՊ, էջ 509:

      И. Свенцицкая, Социально-экономические особенности эллинистичес-   

      ких государств, Москва, 1963, стр. 5.

23. Plut., Eum., V, 1, p. 90. 

24. Plut., Eum., IV, 1-2, p. 88. Փակագծի մեջ առնվածը իմ լրացումն է: 

25. Լամիական պատերազմում. Հունական պետությունների և Մակեդոնիայի

      միջև, մ.թ.ա. 323-322 թթ.:

26. Plut., Eum., V, 1-2, p. 90.  Փակագծի մեջ առնվածները իմ լրացումներ են:                 27. Դիոդորոս Սիկիլիացի, XXXI, 19, 4, էջ 153:

28. Plut., Eum., III, 7, p. 88. 

29. Plut., Eum., V, 2 — VII, 8, p. 90-100.  

30. Плутарх, Сравнительные жизнеописания, т. 2, Москва, 1963, стр. 531  

            примеч. 15.                

31. Հմմտ.՝ ՀԺՊ, էջ 502-504:

32. Հմմտ.՝ Հ. Մանանդյան, նշվ. աշխ., էջ 98-99:

33.Դիոդորոս Սիկիլիացի, XVIII, 3, 2, էջ 111:

34. Юстин, XXXVIII, 7,2,    стр.210:

35. Plut., Eum., V, 2 – 4, VI, 1, p. 90-92.  Տե՛ս նաև՝ Юстин, XIII, 8,4-5,  стр.229:

36. Plut., Eum., VII — VIII, 2,  p. 96-100. 

37. Plut., Eum., V, 1, p. 90.

38. Տե՛ս Դիոդորոս Սիկիլիացի, էջ 187, ծնթ. 340:

39. Դիոդորոս Սիկիլիացի, XVIII, 39, 5-7, էջ 112-113:

40. Դիոդորոս Սիկիլիացի, XVIII, 39, 7: 40, 1, էջ 113:

41. Դիոդորոս Սիկիլիացի, XVIII,  40, 1, էջ 113:

42. Եվմենեսը որոշ ժամանակ ապաստանել է Փռյուգիայի Նորա ամրոցում (Դիոդորոս Սիկիլիացի, XVIII, 41, 1 և XIX, 44, 2, էջ 114, 146):

43. Դիոդորոս Սիկիլիացի, XIX, 13, 6: 15,1, էջ 122, 123:

44. Դիոդորոս Սիկիլիացի, XIX, 37, 1: 44, 4, էջ 139,  146:

45. Դիոդորոս Սիկիլիացի, XVIII,  41, 1, էջ 114:

46. Դիոդորոս Սիկիլիացի, XVIII,  41, 6, էջ 115:

47. Դիոդորոս Սիկիլիացի, XIX, 23, 3,   էջ 130:

48. Հմմտ.՝ ՀԺՊ, էջ 510:

49. Դիոդորոս Սիկիլիացի, XIX, 29, 3,   էջ 135-136:

50. Գ. Սարգսյան, Անտիոքոս Գ Սելևկյանը և հայկական պետությունները, «Բանբեր 

      Երևանի համալսարանի», 1969, № 1, էջ 50, 54:

 

 

 

 

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
купить просмотры
kerkyra
kerkyra
сейчас на сайте
Читателей: 2 Опыт: 0 Карма: 1
Теги
33 года назад 7 районов арцаха за 5 млрд долларов 9 հարց asala failed state hайк наhапет γενοκτονία ιατρικά μαντελσταμ ναγκόρνο καραμπάχ «νέμεσις»... οι ελεύθερες ρίζες ουσίες στραβων τα αντιοξειδωτικά φυτικές ίνες абхазия осетия адонц айк нахапет ани аннексия ара абрамян арабские историографы арешев арман сагателян армен айвазян армянская энциклопедия армянские мстители армянский вопрос артак закарян арцах аршакуни атропат байден баласанян батыев бельгия богдан атанесян бывшие вазген манукян вандализм церковь великая армения венизелос виктор кривопусков вооруженные силы армении галерея подонков геворг геворгян генералы геноцид геноцид армян в азербайджане гостеприимство армян двойные стандарты демография детская кровать дорожная карта «дружба народов» дюма ереван законопроект о криминализации отрицания геноцида западная армения затулин идеология изобретения армян кадры казимиров «карабахский вопрос» каро пайлан левон мелик-шахназарян лжеучёный михаил мейер литовцев макрон малая армения марина григорян марина мкртчян маузерист андо мид михалис игнатиу мовсес каланкатваци мовсес хоренаци музей геноцида мхитар гераци мы опаздываем надеин-раевский наим бей национальная ассамблея франции национальное собрание франции национально-культурный геноцид новый год ногалес нюрнберг одкб операция «немезис» оппозиция отставка отставки памятники армянской архитектуры память жертв пандухт парад пашинян первая христианская страна повысил себе зарплату полибий страбон посол «азербайджана» потери предатель прелюдия принцип оон продажа арцаха пушкин рассказ русского офицера республики арцах роль россии рукописи русский офицер саркис цатурян светлана шмелева селфи серж саргсян советский генерал сопредседатели статус карабаха сумгаит тацит тёмные складки ультиматум 17 уничтожение армянских рукописей устройство арцаха фальсификация истории фейковый мир фридман ходжалу холокост холокост евреев цитатомания шарден шармазанов шильтбергер энциклопедии энциклопедия юрий котенок яникян ազգային-մշակութային եղեռն «ազերի» աշոտ մինասյան ասալա արամ անտոնյան արթուր եղիազարյան արմեն աշոտյան բաթըև բռնակցում գառնիկ իսագուլյան դավաճան դավաճանապետ դավաճանություն եռաբլուր/ераблур երևան երկերեսանիներ զատուլին զորապետներ իգիթյան իվան դավիդ լտպ կարեն օհանջանյան կորսված տարածքներ հաղորդակցություն հայաստան հայ ժողովուրդ հայկ նահապետ հանրագիտարան հեղինե բիշարյան հեռախոսազրույց հերյուրանքներ հերոս դավիթ միքայել մինասյան մ. ղահրամանյան նիկոլը գնալու է պեր գարտոն պոեմ սահմաններ սամվել կարապետյան փաշինյան սոսի վիկտոր հյուգո վնասները տիգրանակերտի ճակատամարտը տիգրան բ մեծ ցույց փոք հայք փոքր հայք քոչարյան ֆրանսիայի ազգային ժողով
все 3 Мои друзья